Կրեմլում չեն մեկնաբանում Թրամփի օգնական Ֆլինի պաշտոնաթողությունը

Կրեմլում չեն մեկնաբանում Թրամփի օգնական Ֆլինի պաշտոնաթողությունը

Կրեմլում չեն մեկնաբանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինի պաշտոնաթողության պատճառների վերաբերյալ տեղեկատվությունը, նշելով, որ դա Վաշինգտոնի ներքին գործն է: 

«Մենք ոչ մի կերպ չԷինք ցանկանա դա մեկնաբանել: Դա ամերիկացիների, նախագահ Թրամփի վարչակազմի ներքին գործն է, դա մեր գործը չէ»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հաղորդումները, թե ամերիկացի պաշտոնյայի հրաժարականի պատճառ է դարձել այն, որ նա Սպիտակ տան վարչակազմին ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել դեռ մինչեւ Դոնալդ Թրամփի երդմնատվության արարողությունը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Մայքլ Ֆլինը հրաժարական Է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնից: Այս տեղեկատվությունը հաստատել է Սպիտակ տունը:

Նախ նման պնդումով հանդես էր եկել CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրների: Ֆլինի պաշտոնաթողության մասին հաղորդումը, հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, հետեւել է այն բանից հետո, երբ «Վաշինգտոն պոստ» թերթը եւ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը տեղեկատվություն տարածեցին, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նախազգուշացում էր արել Սպիտակ տան հասցեին առ այն, որ Ֆլինն իրեն վարկաբեկող դրության մեջ է դրել Կրեմլի հետ շփումների պատճառով:

Սպիտակ տան մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Է նշանակվել պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգը:

Ըստ CNN-ի տեղեկատվության՝ Ֆլինին կարող է փոխարինել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեւիդ Փեթրեուսը: Հեռուստաընկերությունը ճշտել է, որ մոտ ժամանակներս Փեթրեուսը կայցելի Սպիտակ տուն:

Ավելի վաղ «Վաշինգտոն պոստ»-ը հայտնել է, որ Ֆլինը դեռ 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հեռախոսով քննարկել է հակառուսական պատժամիջոցները: 

Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տանը ոմանք նախագահի ապագա օգնականի եւ ռուս դեսպանի բանակցությունները համարել են աննպատակահարմար եւ ոչ ճիշտ ազդանշան Մոսկվային առ այն, որ պատժամիջոցները կարող են թուլացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում