Տարիները անզոր են մարդուն դարձնել քաղաքական գործիչ, եթե ինքը համառորեն դա չի ցանկանում
Նմանատիպ
Ոչինչ այնքան չի հիասթափեցնում հասարակությանը քաղաքական ուժերից և որոշ քաղաքական «առաջնորդներից», որքան անհեթեթ ու անիմաստ հայտարարությունները, մանավանդ, երբ այդ հայտարարությունների համար չկա պատեհ առիթ:
Երբ հայտարարում ես, որ ռեժիմը հոգեվարքի մեջ է, իշխանությունները սարսափում են, եկել է իշխող համակարգի վերջը…ու այդ ամենը հայտարարում ես տարիներով, սակայն տեղի է ունենում միանգամայն հակառակը, այն է, որ իշխանությունների փոխարեն սեփական քաղաքական ուժդ է ապրում իր վախճանը, դրանով ոչ միայն անլրջացնում ես քեզ, որպես քաղաքական գործչի, այլև հարվածում ես քաղաքական համակարգին, ժողովրդի մեջ անվստահություն սերմանելով:
Սա քաղաքական կոպտագույն սխալ է, որը գուցեև ոչ միտումնավոր, սակայն հաճախ թույլ են տալիս մեր ընդդիմադիր քաղաքական այրերը: Կարելի է տարիներով լինել քաղաքականության մեջ, տարիներով հետապնդել հաճախ չարդարացված ամբիցիաներ, սակայն այդպես էլ քաղաքականությունից բան չհասկանալ ու խոշոր հաշվով քաղաքական գործիչ չդառնալ: Հակառակ դեպքում պարզապես ծիծաղելի է տարիներ շարունակ կրկնել նույն սխալը:
Ինչ-որ մեկը, ինչ-որ մի ժամանակ բարբաջել է մի ապուշ միտք, իբր ճիշտ քաղաքական գործիչը նա է, ով կասի, թե վաղն ինչ է տեղի ունենալու, այնուհետև կկարողանա պատճառաբանել, թե ինչու տեղի չունեցավ: Այս հիմար, կամ գուցեև կոնտեքստից կտրված միտքը, շատերը սիրում են պատեհ-անպատեհ կրկնել, կարծես քողարկելու համար յուր անհեռատեսությունը կամ անկարողությունը:
Սակայն իրականում ճիշտ քաղաքական գործիչը նա է, ով ասում է թե վաղն ինչ է տեղի ունենալու ու հասնում նրան, որ իր կանխատեսածն անպայման տեղի ունենա: Հակառակ պարագայում տարրական քաղաքական ու ոչ միայն քաղաքական պարկեշտությունը հուշում է պարզապես ներողություն խնդրել, արդարանալու փոխարեն: Իսկ առավել ճիշտ քաղաքական գործիչը նա է, ով առհասարակ խուսափում է կանխատեսումներ անելուց, դրանով իսկ ապահովագրելով, թե՛ ներողություն խնդրելուց, թե՛ արդարանալու անհրաժեշտությունից:
Բացի այդ քաղաքականությունը ոչ միայն գործելու, այլև արժանապատվորեն հեռանալու արվեստ է: Վերջապես քաղաքականությունը փինաչիություն չէ, որ մի դուքյան բացես ու հավակնես հավերժ մաշված մաշիկներ կարկատելու: Եթե մարդը տարիներով ձախողվում է գործունեության այս ոլորտում, ապա անկախ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից, պետք է կարողանա արժանապատվորեն հեռանա:
Խորհրդային Միության ժամանակներում էր միայն, երբ մարդիկ քաղաքականությունից հեռանում էին բնական ճանապարհով, մեկը համեմատաբար ջահել, մյուսը զառամյալ տարիքում, նայած ում մահը, երբ կայցելեր: Բայց այն ժամանակներում քաղաքականություն կոչվածի տրամաբանությունն ու մոտեցումներն էին այլ և խոշոր հաշվով ցանկացած գործչի առաջ ծառացած չէին այն խնդիրները, որոնք առկա էին այսօր:
Իսկ ներկայումս տասնյակ տարիներով անհաջողություններից հետո, հեռանալը ոչ միայն որոշ առումով փրկում է «անհաջողակին» վերջնական վարկաբեկումից, այլև ճանապարհ է բացում այլոց համար: Երբ մարդը «յակռը» գցելով հավակնում է իր տեղը հավերժացնել քաղաքական դաշտում, դրանով վերջապես զզվեցնում է նաև իր թիմակիցներին, քանի որ մարդիկ չեն կարող հավերժ հանդուրժել իրենց ճանապարհին անհարկի շարած այդ պատը ու դրանով սպառելով իրենց ներուժը: Եթե պատը ինքնակամ չհեռանա, ապա անպայման այն մի օր կփլուզվի:
Օրերս Ռաֆֆի Հովհաննիսյանը միացել է Օհանյան-Օսկանյան դաշինքին: Թվում է սա սովորական քաղաքական գործընթաց էր, որի հիմնական թիրախը սպասվելիք խորհրդարանական ընտրություններն են: Բայց սույն գործիչը ինչպես մոտ 4 տարի առաջ, այնպես էլ ներկայումս, հայտարարում է, որ այս իշխանություններն ապրում են իրենց վերջին օրերը:
Այս հայտարարությունը, ոչ միայն քաղաքական անհեռանկարություն է, այլև նույնիսկ կարելի է ասել քաղաքական անտառաճանաչություն: Նմանատիպ հայտարարությունները պահանջում են իրենց համապատասխան լսարանը, համապատասխան մթնոլորտը: Սակայն միտինգային հռետորաբանությունը օգտագործել լրագրողների առջև, առավել ևս, որ այդ նույն բառապաշարը օգտագործել ես 2013թ.-ին ու վատնել քաղաքական ռեսուրսդ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ տասնյակ տարիները անզոր են մարդուն դարձնել քաղաքական գործիչ, եթե ինքը համառորեն դա չի ցանկանում:
Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում