Ադրբեջանը Հայաստանի տնտեսական ցուցանիշներով հետ է մնացել. ադրբեջանցի տնտեսագետ

Ադրբեջանը Հայաստանի տնտեսական ցուցանիշներով հետ է մնացել. ադրբեջանցի տնտեսագետ

Ադրբեջանցի տնտեսագետ Նեմեթ Ալիևի ուսումնասիրությունների համաձայն` 2016թ-ին Ադրբեջանը տնտեսական ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունից բավականին հետ է մնացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի տնտեսությունը, ըստ մի շարք ցուցանիշների, Հայաստանի տնտեսության համեմատ գտնվում է ավելի վատ վիճակում:

Նեմեթ Ալիևի հաղորդմամբ` պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2016թ-ին Հայաստանի ազգային արժույթը` դրամը, արժեզրկվել է մոտ 0,5 տոկոսով, իսկ ադրբեջանական մանաթը 55 տոկոսով:

2016թ-ին Ադրբեջանում ապրանքների արտահանման ծավալները 28 տոկոսով նվազել են, իսկ Հայաստանի արտահանման ծավալները 20 տոկոսով աճել:

Հայաստանում 2016թ-ին ազգային արժույթով վարկային ներդրումներն աճել են 25 տոկոսով, իսկ Ադրբեջանում` 14 տոկոսով նվազել:

Ադրբեջանում խնդրահարույց վարկերը կազմել են 9 տոկոս, Հայաստանում` 1,3 տոկոս:

Տնտեսագետի փոխանցմամբ` Ադրբեջանը Հայաստանի համեմատ հետ է մնացել նաև բարձրացված և իրական աշխատավարձերի մասով:

«Հայաստանը նախորդ տարի բեռնափոխադրումների ծավալն ավելացրել է 85 տոկոսով, իսկ Ադրբեջանի այդ ոլորտում ունեցած ցուցանիշները նվազել են: Ընդհանուր առմամբ նախորդ տարի Հայաստանում գրանցել է տնտեսական աճ, իսկ Ադրբեջանում նվազում» ,- ավելացրել է փորձագետը:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում