Վերին Լարսով Ռուսաստանից Հայաստան փայտանյութ տեղափոխելու արգելքը վերացվել է

Վերին Լարսով Ռուսաստանից Հայաստան փայտանյութ տեղափոխելու արգելքը վերացվել է

Հայաստանի և Ռուսաստանի գործարարներն այսուհետ կկարողանան փայտանյութ և չմշակված փայտ տեղափոխել Վերին Լարսի անցակետով: Փոխադրումները թույլատրվում են հունվարի 7-ից:

Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումը ԵՏՀ հարթակում, ՀՀ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընդունվել է Ռուսաստանի կառավարության կողմից` 2016 թվականի դեկտեմբերի 28-ին:

Կողմերը համաձայնել են, որ հարցի լուծումը հատուկ կարևորություն ունի երկկողմ առևտրային հարաբերություններում` հաշվի առնելով տրանսպորտային փոխադրումների համար Վերին Լարսին այլընտրանքային ցամաքային երթուղիների բացակայությունը: Այս անցակետը Եվրասիական միության համար Հայաստան տանող միակ ավտոտրանսպորտային միջանցքն է:

Նախկինում փայտանյութի և առանձին արտադրատեսակների տեղափոխումը Վերին Լարսով արգելված էր:

Այլընտրանքային երթուղու օգտագործումը` Սևծովյան նավահանգիստների միջոցով Ռուսաստանից Վրաստան տեղափոխումը, այնուհետև Հայաստան հասցնելը բերում էր լրացուցիչ ծախսերի:

Սահմանափակումը վերացվել է դեռևս մեկ տարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում