Մոգերինիի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է կորցնել աշխարհի առաջատարի դերը

Մոգերինիի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է կորցնել աշխարհի առաջատարի դերը

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որն անցյալ շաբաթ երկօրյա այցով եղել է Վաշինգտոնում, ամփոփելով ուղեւորության արդյունքները, հայտարարել է, թե ԱՄՆ-ը կարող Է կորցնել աշխարհի առաջատարի դերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է Առաջատար պարբերական հրատարակությունների եվրոպական դաշինքին տված հարցզրույցում, որի մեջ մտնում է գերմանական Welt-ը:

«Ես երբեք Միացյալ Նահանգները չեմ տեսել այդքան բեւեռացված, տարանջատված ու հակամարտություններից կքված, որքան այժմ: Նա, ով իրապես ցանկանում է աշխարհի առաջատարի դերը խաղալ, պետք է ներսից ամուր լինի, ինքնավստահ ու համախմբված»,– նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

«Երբ աշխարհի մեծագույն ժողովրդավարությունը ենթարկվում է նման փորձությունների, դա կարող է ապակայունացնող գործոն դառնալ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Մոգերինին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի Եվրոպայի քաղաքականությանը: «Մենք չենք միջամտում ԱՄՆ-ի քաղաքականությանը: Եվ եվրոպացիներն ակնկալում են, որ Ամերիկան եւս չի միջամտի Եվրոպայի քաղաքականությանը»,- հավելել է Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում