Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել կանոնավոր բնույթ. ԼՂՀ ՄԻՊ-ը՝ Եվրախորհրդարանում

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել կանոնավոր բնույթ. ԼՂՀ ՄԻՊ-ը՝ Եվրախորհրդարանում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանն ու Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց են ներկայացրել, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

«Զեկույցում բերված տեղեկությունները տագնապալի են միջազգային հանրության համար՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: 2016թ. ապրիլին ադրբեջանական զորքերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և ծանր խախտումները դեռևս ճիշտ, համարժեք պատասխաններ են պահանջում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից և անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար»,-նշվում է զեկույցի նախաբանում:

Այնուհետև փաստաթղթի հեղինակները ներկայացնում են քառօրյայի պատմությունը՝ մանրամասներ ներկայացնելով ԼՂ սահմանի երկայնքով ադրբեջանական սադրանքի և ագրեսիայի, կիրառած ծանր զինատեսակների, զինծառայողների և խաղաղ բնակիչների գլխատումների, նրանց կտտանքների ենթարկելու, դիակների պղծման, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների արկակոծման վերաբերյալ:

Նշվում է, որ տվյալ զեկույցի շրջանակում դիտարկվում է ապրիլյան քառօրյայի ընթացքում՝ ԼՂ նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի ժամանակ, ԼՂՀ զինվորների և քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործության 3 տեսակ: Դրանք են՝ կտտանքները, մահապատիժներն ու զոհվածների դիակների պղծումը: Թվարկված բոլոր գործողություններն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում:

Հայտնի է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վրա կտտանքների և պղծման հետքեր են հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, ներկայացվում են հայկական կողմի ներկայացուցիչներին գլխատելու, նրանց ականջները, մարմնի այլ մասերը կտրելու, աչքերը հանելու ու մարմնական այլ տանջանքների ենթարկելու բազում ապացույցներ:

Զեկույցի եզրակացությունում նշվում է, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել են կանոնավոր բնույթ: Փաստաթղթի հեղինակներն իրավապաշտպանների ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ քառօրյայի ժամանակ ադրբեջանական կողմը հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանել է զուտ ազգային պատկանելիության պատճառով:

«Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետական մակարդակով է կրում երկրի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը և պարտավոր է հետաքննել ու դատական կարգով հետապնդել տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին»,-նշվում է եզրակացությունում:

Հավելենք, որ սա ԼՂՀ ՄԻՊ կողմից ապրիլյան քառօրյայի շրջանակում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ 3-րդ զեկույցն է: Այն ներկայացվել է 2 տարբերակով. առաջինը չի պարունակում զոհված հայ զինծառայողների անուններն ու նրանց դիակները պղծելն ապացուցող լուսանկարները, մինչդեռ 2-րդ տարբերակն ավելի մանրակրկիտ է և ունի գրաֆիկական բնույթ, ուստի՝ նախատեսված չէ հանրային հրապարակման համար:

Զեկույցի ներկայացմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նկատել է, որ «Արցախում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պակասը թույլ է տալիս մարդկանց մտածել, թե կարող են իրենց ուզածն անել և որ հետագայում այդ արածներն ապացուցելն անհնարին կլինի»: Մելիքյանի խոսքով՝ այս հանգամանքն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում