Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին ընդդիմանալ Իսրայելի կողմից ամերիկյան տեխնոլոգիաներով ստեղծված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին Ադրբեջանին: Այս մասին տեղեկացրին հանձնախմբից:

Հանձնաժողովը փետրվարի 13-ին նամակ է հղել պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրո, որտեղ խնդրել է ԱՄՆ-ից պաշտոնապես ընդդիմանալ «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին, քանի որ այն «վտանգում է Միացյալ Նահանգների շահերը` առաջացնելով տարածաշրջանային հակամարտության ռիսկի ավելացում, հետընթաց է գրանցում խաղաղության գործընթացում և հնարավորություն է տալիս, որ ժամանակակից սպառազինությունների տեխնոլոգիան ընկնի հակաամերիկյան ուժերի ձեռքը»: Տեղեկատվության ազատության օրենքի համաձայն` հանձնախումբը խնդրել է տրամադրել ցանկացած պաշտոնական փաստաթուղթ, որն առնչվում է Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին:

«Իլհամ Ալիևի ձեռքերում «Երկաթե գմբեթ»-ն առաջին հարվածի զենք է, դա կխրախուսի նրան դիմել ագրեսիայի: Այս վաճառքի համար «կանաչ լույս վառելը» կվնասի այն ամենն, ինչ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ մեր գործընկերներն արել են խաղաղության հաստատման և զենքի տարածումը կանխելու ուղղությամբ, ինչպես նաև կառաջացնի վտանգ, որ ժամանակակից տեխնոլոգիան կապակայունացնի Կովկասը և հավանական է, որ կհայտնվի հակաամերիկյան երկրների ձեռքում` Բելառուսից մինչև Հյուսիսային Կորեա»,– նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում