Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպումը պլանավորված է փետրվարի 16-ին Բոննում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քսանյակի խմբի (G20)՝ փետրվարի 16-17-ին Բոննում կայանալիք հանդիպման շրջանակներում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ռեքս Թիլերսոնի եւ Զիգմար Գաբրիելի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Լավրովը Բոննում «քսանյակի» շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Թիլերսոնի եւ Գաբրիելի հետ»,-ասել է նա: Բացի այդ, հավելել է դիվանագետը, միջոցառման շրջանակներում «տեղի կունենան մեծ թվով երկկողմ հանդիպումներ ու շփումներ»:

«Փետրվարի 16-ին Բոննում պլանավորված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ԱՄՆ-ի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ռեքս Թիլերսոնի եւ Զիգմար Գաբրիելի հետ,-նշել է Զախարովան:- Տեղեկատվություն կա չինացի գործընկերների հետ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին, հանդիպումներ են պլանավորվում Բրազիլիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարարների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում