Ղարաբաղում տեղի ունեցած հումանիտար աղետի մասին պատմող ֆիլմը միջազգային հանրությանը կներկայացնի իրականությունը

Ղարաբաղում տեղի ունեցած հումանիտար աղետի մասին պատմող ֆիլմը միջազգային հանրությանը կներկայացնի իրականությունը

Առաջիկայում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կներկայացնի նոր ֆիլմ Ստեփանակերտի շրջափակման մասին, որն ավելի մատչելի կերպով միջազգային հանրությանը կտեղեկացնի հումանիտար աղետի մասին:

Այս մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի ընթացքում տեղեկացրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը:

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է ճեղքման փաստից տասը օր շուտ, քանի որ, կարծում եմ, այդ տասը օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունն այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականներից սկսած»,-շեշտեց նա;

Արա Սաղաթելյանը նշեց, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առաջին ֆիլմը ներկայացվել է 2012 թվականին. այն պատմում է Աղդամի գործողության մասին:

«Կարծում եմ, երբ մեր հարևաններն ապագայում փորձ կատարեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, շատ մարդիկ, ում տարբեր լեզուներով հասու կդարձնենք մեր նյութերը, պատկերացում կկազմեն առնվազն այն մասին, որ այլընտրանք գոյություն չուներ, քան Աղդամի ռազմական օպերացիան»,- եզրափակեց Արա Սաղաթելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում