ԿԺԴՀ-ի ղեկավարի եղբորն սպանել են վիետնամցի կին լրտեսները. Telegraph

ԿԺԴՀ-ի ղեկավարի եղբորն սպանել են վիետնամցի կին լրտեսները. Telegraph

ԿԺԴՀ-ի ղեկավարի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության ետեւում, որն իրականացվել է Մալայզիայի մայրաքաղաքում, կանգնած են վիետնամցի երկու կանայք, որոնք, ինչպես ենթադրվում է, գաղտնի գործակալներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մալայզիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է բրիտանական Telegraph հրատարակությանը: 

«Մենք արդեն դիտել ենք տեսախցիկի տեսագրությունը: Արդյունքում՝ մեզ հաջողվել Է ձերբակալել այն տաքսու վարորդին, որը վերցրել էր սպանությունը կատարած երկու կանանց»,-հայտնել է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը:

Տաքսու վարորդի ցուցմունքների եւ տեսախցիկների գրանցումների հիման վրա ոստիկանությունը կարծում է, որ կանայք եղել են վիետնամցիներ, հայտնել է նա:

Ոստիկանության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ այդ կանայք համարվում են գաղտնի գործակալներ, սակայն հրաժարվել է ենթադրություն անել այն մասին, որ նրանց կարող էր վարձած լինել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ սպանվածի եղբայրը, գրում է հրատարակությունը:

Ոստիկանությունն զբաղվում է կասկածյալների որոնմամբ, որոնք կարող են դեռեւս գտնվել Մալայզիայում: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները բարձրաստիճան դիվանագետի են ուղարկել Մալայզիա եւ խնդրել, որ Կիմ Չեն Նամի պաթոլոգոանատոմիական հետազոտություն չանցկացվի: Նրանց պահանջը մերժվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում