Իրանը ձգտում է բարելավել հարաբերությունները Պարսից ծոցի արաբական երկրների հետ. Ռոուհանի

Իրանը ձգտում է բարելավել հարաբերությունները Պարսից ծոցի արաբական երկրների հետ. Ռոուհանի

Իրանը ձգտում է բարելավել հարաբերությունները Պարսից ծոցի արաբական երկրների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին «Մեհր» գործակալությանը հայտարարել է տարածաշրջանում իր շրջագայությունից առաջ, որի ընթացքում նա այցելելու է Օման եւ Քուվեյթ:

«Բարիդրացիության ամրապնդումն ու տարածաշրջանային անվտանգության ապահովումը Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններն են: Իսլամական Հանրապետությունը երբեք ագրեսիվ նպատակներ չի հետապնդել, չի միջամտել այլ երկրների ներքին գործերին, չի փորձել պարտադրել քաղաքական հայացքներ ու կրոնական համոզմունքներ: Դարեր շարունակ շիաները եւ սուննիները խաղաղ գոյակցել են եւ միանգամայն կարող են առանց կողմնակի մասնակցության բանակցությունների սեղանի շուրջ կարգավորել առկա տարաձայնությունները, նրանց միջեւ հակասություններն արհեստականորեն բորբոքվում են տարածաշրջանից հեռու երկրների կողմից»,-ընդգծել է Իրանի նախագահը:

Թեհրանից մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել է, որ Օման եւ Քուվեյթ իր այցերի ընթացքում մտադիր է քննարկել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ «Սիրիայում, Իրաքում եւ Եմենում արյունահեղությունը դադարեցնելու թեման», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում