Երևանի մնջախաղի պետական թատրոնն արդեն իր շենքն ունի

Երևանի մնջախաղի պետական թատրոնն արդեն իր շենքն ունի

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու համար շենք տրամադրեց: Այս մասին նախարարը հայտարարեց փետրվարի 15-ին` լրագրողների հետ հանդիպմանը:

«Ազգային գրապալատը միացավ Ազգային գրադարանին, և մենք որոշեցինք գրապալատի տարածքը տրամադրել Երևանի մնջախաղի պետական թատրոնին, որը տարիներ շարունակ չի ունեցել իր սեփական շենքը: Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով այս տարվա ընթացքում կիրականացվեն շինարարության նախագծման աշխատանքներ, քանի որ շենքի պայմանները թատրոնին հարմարեցված չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նրա խոսքով` ներդրումները կատարելու է պետությունը, և իրենք այս քայլով քաղաքի համար նոր որակ և նոր մշակութային մթնոլորտ կապահովեն:

Անդրադառնալով Ազգային գրապալատին` Արմեն Ամիրյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այն միանում է Ազգային գրադարանին` պահպանելով իր գործառույթները, անվանումը: «Բոլոր աշխատակիցները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, հավելյալ թվայնացման գործընթացը»,-նշեց Ամիրյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ քսան տարի բարձրացրել է թատրոնի շենքի խնդիրը և չէր կարող ենթադրել, որ մի քանի ամսվա ընթացքում այն լուծում կստանա:

«Այս տարածքը բավարար է մեր բոլոր ծրագրերն իրականացնելու համար: Փորձասենյակներ կունենանք, որտեղ խուլերի ստուդիան կկարողանա փորձեր անել»,-ասաց Դադասյանը և հավելեց, որ շենքում մեծ է գրքի էներգետիկան, ուստի իրենց առաջին բեմադրությունը նոր շենքում գրքի մասին կլինի, իսկ գրապալատի աշխատակիցները մշտական հրավիրատոմսեր կունենան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում