Մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 2013 թ. ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։

Նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում