Հունաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում անփոփոխ է

Հունաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում անփոփոխ է

Հունաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասը` հայտարարելով, որ փետրվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները սխալ են թարգմանել իր խոսքը:

«Հունաստանը սատարում է միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նախորդ հինգշաբթի Ադրբեջանի երիտասարդ դիվանագետների միությունում իմ ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ հարցը սխալ է թարգմանվել: Իմ միտքը լիարժեք չի արտացոլվել»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ իր ելույթում ասել է, որ Հունաստանը միջազգային իրավունքի շրջանակում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Ես նշել եմ միջազգային իրավունքը հարգելու կարևորությունը և ասել, որ Կիպրոսում կա նման իրադրություն: Հարցը համբերություն է պահանջում»,– նշել է Դիմիտրիոս Ցոունգասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում