Չորս ոստիկանի մեղադրանք է առաջադրվել. նրանցից երկուսը կալանավորվել են

Չորս ոստիկանի մեղադրանք է առաջադրվել. նրանցից երկուսը կալանավորվել են

Ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 4 աշխատակցի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Լեռնիկ Ստեփանյանը: «Թեպետ նախաքննության ժամանակ ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գրիգորյանի և ոստիկանության ծառայող Անուշավան Բադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ փոխարինվել էր գրավով, սակայն 2017թ.ի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ հիշյալ անձինք կալանավորվել են»,- ասաց Ստեփանյանը:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ոստիկանության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գրիգորյանը, ոստիկաններ Արամայիս Ավետիսյանն ու Սարո Բղդոյանը նույն ստորաբաժանման նախկին աշխատակից Անուշավան Բադոյանի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2016թ. նոյեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից կալանավորված անձանց համար հարմարեցված հատուկ տրանսպորտային միջոցով 3 կալանավորներին տեղափոխելիս Ա. Բադոյանին թույլ են տվել դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածն իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել հիշյալ կալանավորներին՝ իրեն նախկին պաշտոնից /ուղեկցող դասակի ջոկի հրամանատար/ ազատելու հարցում վերջիններիս դերակատարման մասին նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով. ուղեկցող ոստիկաններն էլ, կոպտորեն խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված «Ձերբակալված և կալանավորված անձանց ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգ»-ը, համաձայն որի` կալանավորված անձանց ուղեկցումը կազմակերպվում է հատուկ տրանսպորտային միջոցով՝ թափքի խցերում և միմյա նցից անջատ, համաձայնվել են Ա. Բադոյանի առաջարկին և ապօրինաբար թույլ տվել, որպեսզի վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի կալանավորներին:

Ընդ որում, ոստիկանության ծառայող Ա. Բադոյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, որի պատճառով էլ կալանավորներին տեղափոխելու ճանապարհին` իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես մեքենան վարող ոստիկանը, այնպես էլ երեք կալանավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Կալանավորներ Մ. Դավթյանը և Ռ. Սարիբեկյանը վթարի հետևանքով ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ոստիկաններ Պարույր Գրիգորյանին, Արամայիս Ավետիսյանին ու Սարո Բղդոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բադոյանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները: Ա. Բադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով մեղադրանք չի առաջադրվել տո ւժողների բողոքների բացակայության պատճառով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում