Նորք-Մարաշի զինված խմբավորման գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց

Նորք-Մարաշի զինված խմբավորման գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց Նորք- Մարաշի զինված խմբավորման գործով Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ դատավարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ դատական նիստը հետաձգվել է պաշտպաններից մեկի` Հերմինե Միքայելյանի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ մարդու, ովքեր մեղադրվում են հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

Գործով անցնում են խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Անտոն Դիկրան Թոթոնջյանը, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը և Նելլի Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում