Հայոց ցեղասպանության թեման հայտնվել է Ֆրանսիայի նախընտրական օրակարգում

Հայոց ցեղասպանության թեման հայտնվել է Ֆրանսիայի նախընտրական օրակարգում

Հայոց ցեղասպանության թեման կրկին հայտնվել է Ֆրանսիայի քաղաքական-նախընտրական օրակարգի կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա հիմնական պատճառ է հանդիսացել նորաստեղծ En Marche! շարժման առաջնորդ, Ֆրանսիայի տնտեսության, արդյունաբերության ու թվայնացման նախկին նախարար և ներկայում արդեն նախագահի թեկնածու Էմանուիլ Մակրոնի արած հայտարարությունը: Ալժիր կատարած այցի ընթացքում Echourouk News-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ալժիրում Ֆրանսիայի գաղութատիրության տարիները բնորոշել է որպես «մարդկության դեմ հանցագործություն»:

Նման հայտարարությունը բուռն արձագանքի է արժանացել ֆրանսիացի քաղաքական գործիչների կողմից: Մասնավորապես, նախագահի մեկ այլ թեկնածու՝ Հանրապետականների առաջնորդ Ֆրանսուա Ֆիյոնը Մակրոնին մեղադրել է սեփական պատմության հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Մակրոնի հայտարարությանն արձագանքել է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատագամավոր Վալերի Բուայեն: «Մակրոնը հավասարեցնում է Շոայի, Հայոց ցեղասպանության և Ալժիրի զոհերին և վիրավորում Ֆրանսիան` ցույց տալով, որ դա պետական գործչի արարք չէ»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Բուայեն:

Պատասխանելով քննադատություններին` Մակրոնը նշել է, որ մարդկության դեմ հանցագործություն ասելով՝ չի ցանկացել «համեմատել Շոան կամ Հայոց ցեղասպանությունը այն ամենի հետ, ինչ կատարվել է Ալժիրում պատերազմի տարիներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում