«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Շուտով պատրաստ կլինի նաև մեր նախընտրական ծրագիրը, որը կներկայացնենք հանրությանը: Քարոզարշավի ընթացքում ես ամենից շատ կարևորելու եմ Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ դաշինքի ցուցակում ընդգրկված են մարդկային բարձր որակներով, կրթվածության բարձր մակարդակով աչքի ընկնող անձինք:

Օհանյանը գովասանքի խոսքեր հնչեցրեց դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հասցեին:

Խոսելով «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի մասին` նա նշեց, որ հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից, բարեկեցիկ կյանքից, Օսկանյանը եկել էր Հայաստան, տասը տարի եղել արտաքին գործերի նախարար, բարձր մասնագիտական, մարդկային որակներով ողջ գործունեությունը նվիրել Հայաստանին:

Նրա գնահատմամբ` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ազնվությամբ, հայրենասիրությամբ վաստակել է ժողովրդի անվերապահ սերն ու հարգանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում