Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» փորձագիտական խումբը

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» փորձագիտական խումբը

Հերթական այցով փետրվարի 13-ից 17-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված էին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական, Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների և Ենթասպաների դպրոցի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:

Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության և ռազմաուսումնական հաստատությունների հետ 2016թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և 2017թ. ծրագրի ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների և փորձագիտական խմբի անդամների հանդիպումը, Հայաստան ժամանած փորձագետներն այցելել են ռազմաուսումնական հաստատություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Շեշտադրվել են ուսումնական ծրագրերի վերանայմանը, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստմանը, դասավանդման նոր մեթոդաբանությանը, ինչպես նաև պաշտպանական կրթության բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնություններին և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դ րույթներին վերաբերող հարցեր:

Փետրվարի 13-ից 16-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ու հանդիպումներ ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում և Ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումներում ներկայացվել է խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, ինչպես նաև առաջիկա համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելուն միտված նկատառումները:

ՀՀ ՊՆ Հրամանատարաշտաբային դասընթացների ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է բանախոսություն «Արևմտյան օպերատիվ արվեստ. արևմտյան և խորհրդային մոդելների համեմատական վերլուծություն» թեմայով:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները և համալսարանի պետը ներկայացրել են 2016թ.-ին իրականացված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկույցներ: Նշվել է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտություններին:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի հետագա համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում