Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Մակրոնը հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ. հարցում

Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Մակրոնը հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ. հարցում

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը կդառնա նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող՝ ձայների մեծ առավելությամբ առաջ անցնելով «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Opinionway ծառայության կողմից հրապարակված հարցման արդյունքները:

Ստացված տվյալների համաձայն, ընտրությունների եզրափակիչ երկրորդ փուլում ընտրողների կողմից Մակրոնի թեկնածության աջակցությունը կհասնի ձայների 60 տոկոսին այն դեպքում, երբ Լե Պենը կստանա միայն 40 տոկոս:

Իսկ առաջին փուլում, անցկացված հարցման համաձայն, որն ընդհանուր առմամբ հաստատում է այս ամսին մյուս ծառայությունների կողմից կատարված հետազոտությունները, առաջին տեղում կհայտնվի Մարին Լե Պենը՝ 26 տոկոս ցուցանիշով:

Մակրոնը կստանա 20 տոկոս, որը հավասար կլինի «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի համանման ցուցանիշին:

Ուշագրավ է, որ Opinionway-ի հարցման համաձայն, ընտրողների կողմից Ֆիյոնի աջակցությունը չի փոխվում փետրվարի 14-ից այն դեպքում, երբ մյուս հարցումները մատնանշում են նրա ժողովրդականության զգալի անկումը իր ընտանիքի անդամների համար կեղծ աշխատատեղերի հնարավոր ստեղծման հետ կապված սկանդալի պայմաններում:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում