Սիրիայի նախագահը խոսել է ահաբեկչության դեպ պայքարում ծավալվող զարգացումների մասին

Սիրիայի նախագահը խոսել է ահաբեկչության դեպ պայքարում ծավալվող զարգացումների մասին

Հալեպի մատույցներից «Իսլամական պետության» ահաբեկիչների դուրս վռնդումը Սիրիայի նախագահ Բաշշար Ալ-Ասադը չի համարում ահաբեկչության դեմ լիակատար հաղթանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է ֆրանսիական «Եվրոպա 1» ռադիոկայանի և TF1 հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:

«Չի կարելի խոսել հաղթանակի մասին, քանի որ դեռևս չենք հաղթել Սիրիայի ողջ տարածքում գտնվող ահաբեկիչներին: Հալեպի ազատագրումը լուրջ քայլ է երկրում ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին, սակայն դա երկար ճանապարհ է, քանի որ ահաբեկիչները աջակցություն են ստանում տարածաշրջանային մի շարք երկրներից` Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից ու Քաթարից»,- ասել է Սիրիայի նախագահը:

Սիրիայի նախագահը նշել է, որ Հալեպի շրջակայքում ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ քաղաքն այն հարձակումներից պաշտպանված չէ արևմտյան և հյուսիսային կողմերից, որտեղից ահաբեկիչները ստանում են Թուրքիայի և թուրքական բանակի աջակցությունը:

Սիրիայի նախագահը հավելել է նաև, որ Հալեպի հետ կապված ռազմական գործողությունների շարունակումը պայմանավորված է իրավիճակի հնարավոր փոփոխություններով: «Այնուամենայնիվ, ահաբեկիչների ազդեցությունից ցանկացած շրջանի ազատագրում խոսում է ահաբեկչության դեպ պայքարի դրական ընթացք ունենալու մասին»,– ասել է Ասադը:

Պետության ղեկավարը նշել է, որ ըստ միջազգային օրենքների, նրանք, ովքեր զենք են վերցնում մարդկանց և նրանց սեփականությունը ոչնչացնելու համար, ահաբեկիչներ են, իսկ ովքեր պատրաստ են իրենց զենքը վայր դնել հանուն օրենքների, չեն կարող համարվել ահաբեկիչներ: «Մեր պարտքն է ահաբեկիչներից ազատագրել հայրենի հողի յուրաքանչուր հատվածը»,- իր խոսքը եզրափակել է Սիրիայի Արաբական հանրապետության նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում