«Ժողովուրդ». Արթուր Բաղդասրյանը դարձյալ մոլորեցնում և սուտ խոստումներ է տալիս քաղաքացիներին

«Ժողովուրդ». Արթուր Բաղդասրյանը դարձյալ մոլորեցնում և սուտ խոստումներ է տալիս քաղաքացիներին

Արթուր Բաղդասարյանն ու նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունը տևական ժամանակ է՝ փորձում է իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով և սուտ խոստումներ տալով: Սկզբում ՀՎԿ-ն կազմակերպել էր ԽՍՀՄ խնայբանկում ավանդների վերադարձի գործընթաց և մարդկանց փորձում էին համոզել, թե իշխանության գալու դեպքում իրենք կվերադարձնեն փողերը ու դրա համար ընդամենը պետք է ցուցակագրվել ՀՎԿ-ում և ընտրություններին ընտրել այդ կուսակցությանը:

Երբ բլեֆը պայթեց, Ա. Բաղդասարյանը նոր բան է հորինել. «Ուզում եմ պատասխանատու ամբիոնից որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ ասել, որ Հայաստանում և նավթի պաշարներ կան, և գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի ու գազի պաշարները որոնք բավական խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի ու գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»,- մի քանի անգամ ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացը իրենք կազմակերպեն իշխանության գալու դեպքում:

Թե ինչու Ա. Բաղդասարյանը այս ամենի մասին չէր խոսում իշխանության մեջ գտնվելու տարիներին, մնում է միայն ենթադրել: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ճշտել՝ իսկապես Հայաստանի ընդերքը նավթի և գազի պաշարներով հարուստ է: Ընդերքի գործակալությունից անմիջապես հերքել են ՀՀ-ում նավթի ու գազի պաշարների առկայության մասին լուրը: «ՀՀ ընդերքում նավթի և գազի պաշարների ուսումնասիրույթուններ կատարվել են դեռ ԽՍՀՄ տարիներին, սակայն հայտնաբերված պաշարներ չկան»,- փոխանցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում