ՀՀԿ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու. Սերժ Սարգսյան

ՀՀԿ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին գնում է քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, որի ձայնը շատ բարձր է հնչելու: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման շեմին, մենք իրականացնում ենք խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթաց: Մենք պարտավոր ենք այդ անցումն անցկացնել անցնցում, պարտավոր ենք երաշխավորել կայունություն, օրինականություն: ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել: Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մեկ տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ ժողովրդի գազն ու հոսանքն անվճար է դառնալու, չեն ասելու, որ երիտասարդներին բանակ չեն տանելու, նրանք անելու են այն, ինչ ի վիճակի են, ամեն օր մեր երկիրն առաջ տանելու համար»,– ասաց ՀՀ Նախագահը՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն ընտրություններին գնում է քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, որի ձայնը շատ բարձր է հնչելու: Սերժ Սարգսյանն ասաց, որ իր իսկ նախաձեռնությամբ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հաշվի առնելով նրա անցած ուղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում