Ադրբեջանի բոլոր սադրանքներն արժանի պատասխան կստանան

Ադրբեջանի բոլոր սադրանքներն արժանի պատասխան կստանան

Ադրբեջանի կողմից բոլոր հնարավոր սադրանքները կստանան արժանի պատասխան։ Այս մասին այսօր Երանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահը նշեց, որ այսօր Ադրբեջանում կան պատրանքներ, թե Հայաստանը զբաղված է լինելու խորհրդարանական ընտրություններով, դրա համար էլ դառնալու է խոցելի, ու գուցե Բաքուն կփորձի նոր սադրանքների դիմել։

«Թանկարժեք PR ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս ղարաբաղյան հարցն անվանել է Ադրբեջանի ներքին խնդիրը։ Ցավոք, հենց այդ մտածողությունն է հանգեցրել սրման ու պատերազմի, բերելով տառապանքներ, առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդին»,- նշեց Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահը նաև ասաց, որ նրանք ոչ միայն թեյ չեն խմել Ստեփանակերտում, այլ նաև զրկվել են Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրաիլում ու մյուս վայրերում դա անելու հնարավորությունից։

«Ղարաբաղյան խնդիրը հայ ժողովրդի գործն է։ Ինչպես որոշի Ղարաբաղի ժողովուրդը, այդպես էլ կլինի Ղարաբաղի ապագան։ Իսկ մենք սարի նման կանգնած ենք Ղարաբաղի մեր եղբայրների ու քույրերի թիկունքին։ Բոլոր հնարավոր սադրանքները կստանան արժանի պատասխան հարված։ Մենք հիմք ենք ընդունում ուժերի իրական հավասարակշռությունը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում