Մանվել Գրիգորյանը ճիշտ չի համարում Սեյրան Օհանյանի քննադատություններն` ուղղված իշխանություններին

Մանվել Գրիգորյանը ճիշտ չի համարում Սեյրան Օհանյանի քննադատություններն` ուղղված իշխանություններին

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ճիշտ չի համարում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարություններն` ուղղված իշխանություններին: Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մանվել Գրիգորյանը նշեց, որ ճիշտ կլիներ այդ քննադատական խոսքերը իշխանության մեջ եղած ժամանակ հնչեցներ: Նա անդրադարձավ Սեյրան Օհանյանի` քաղբանտարկյալների մասին հայտարարությանը:

«Քաղբանտարկյալներ բոլոր ժամանակներում տարբեր տեղերում եղել են: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հայտարարությանը, ապա մեկ անգամ գոնե պետք է այդ մասին արտահայտվեր իշխանության մեջ եղած ժամանակ: Չեմ հասկանում, այս քանի օրվա մե՞ջ են քաղբանտարկյալներ հայտնվել: Ես չեմ ուզում շատ բան խոսեմ, ինքն իմ մարտական ընկերն է, բայց ես մի քիչ դժվարանում եմ դա հասկանալ»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ մեր երկրին ցնցումներ պետք չեն: Իշխանափոխությունը պետք է սերնդափոխությամբ իրականացվի: «Նոր բաների մի սպասեք, ասենք` հեղափոխություն, ծեծ ու ջարդ: Երկիրը նման ճանապարհով տանելը ճիշտ չէ: Կլինի նոր սերունդ, կգա երիտասարդություն, այդ ժամանակ իշխանությունը կփոխվի: Ինչ վերաբերում է երկրի անվտանգությանը, ապա դա մեր միասնությունից է կախված, մեր բարոյահոգեբանական վիճակից, թե մենք որքանով ենք պատրաստ մեզ պաշտպանել: Մեզնից է կախված մեր ընտանիքի, երկրի անվտանգության ապահովումը»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում