Առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2014թ.-ի ն կատարված գույքագրմամբ նույն ՊՈԱԿ-ին պատկանող, Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 5.074.372 ՀՀ դրամի նյութական մնացորդների պակաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Արձանագրված պակասորդի վերաբերյալ գույքագրման հանձնաժողովի նախագահի կողմից զեկուցագիր է ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենին, սակայն պակասորդի հանգամանքները պարզելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում