Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում

Աֆղանստանի Ֆարյաբ հյուսիս-արեւմտյան նահանգում վերջին երկու օրն ավելի քան 50 մարդ է զոհվել եւ ինը վիրավորվել սառչելու եւ ձյան աննախադեպ առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին տեղական զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Ջովիդ Բեդորը: 

Նրա խոսքով՝ 30 հովիվներ՝ 7 հազար գլուխ անասունով, համարվում են անհայտ կորած: Բեդորն ընդգծել է, որ իշխանությունները ձեռնարկում են տարերքից տուժածներին օգնություն ցույց տալու շտապ միջոցներ:

Այժմ նահանգի տարբեր մասերում ձյան ծածկույթի մակարդակը հասնում է 70 – 80 սանտիմետրի: Դա աննախադեպ ցուցանիշ է անցած չորս տարվա ընթացքում: Ձյան տեղումներն արգելափակել են մի շարք գավառներ տանող ճանապարհները եւ հանգեցրել զգալի ավերածությունների: Միայն Քարամկուլի գավառում քանդվել է շուրջ 500 տուն, ճշտել է Afghanistan.ru -ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում