Էրդողանի դեմ մահափորձի գործով առաջին դատական նիստն է գումարվել

Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման օրը` հուլիսի 15-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած խմբի ղեկավարը դատարանում հայտնել է, որ հրամանը ստացել է զինված ուժերի գլխավոր շտաբից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

Մուղլայի դատարանում փետրվարի 20-ին սկսվել է Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած 47 կասկածյալի դեմ դատական գործի առաջին նիստը: Կասկածյալներից 37-ը զինվորականներ են:

Մարմարիսում Էրդողանի հյուրանոցի վրա հարձակում իրականացրած խմբի ղեկավար Գյոքհան Շահին Սյոնմեզաթեշը հայտարարել է, որ ինքը որևէ առնչություն չունի գյուլենականների հետ: «Մեզ ասվել է, որ հրամանը տվել է զինված ուժերի գլխավոր շտաբը: Գյուլենականների հետ որևէ կապ չունեմ: Մենք այնտեղ ծուղակի մեջ ենք ընկել»,- հայտարարել է նա:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում