Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես գրում է կայքը, հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ և հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով:

«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում և Հայաստանի հետ համագործակցությամբ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

«Ինչ վերաբերում է «սպառազինության մրցավազքին». Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և ձեռքբերված զենքի քանակությամբ, Հայաստանը չէ, որ խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» նորմերը: Թե ինչի է դա բերում՝ մենք ականատես ենք եղել անցած տարվա ապրիլին… Բնական է, որ այդ պայմաններում մենք ստիպված ենք բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և բռնության նոր սրացում, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հավելել է Հայաստանի արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում