Ոչ մեծ ինքնաթիռն ընկել է Մելբուռնի առեւտրական կենտրոնի շենքի վրա, կան զոհեր

Beechcraft King Air 200 ոչ մեծ տուրբապտուտակավոր ինքնաթիռն աղետի է ենթարկվել Էսենդոն օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է Մելբուռնի արվարձանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինքնաթիռն ընկել է DFO առեւտրական կենտրոնի շենքի տանիքի վրա եւ պայթել, դրա հետեւանքով շենքում հրդեհ է բռնկել: Ինչպես հայտնել է Վիկտորիայի նահանգի ոստիկանության փոխկոմիսար Սթիվեն Լինը, «ինքնաթիռում եղել է հինգ մարդ, դատելով ըստ ամենայնի՝ նրանք բոլորը զոհվել են»: 

Ինքնաթիռը տեղական չարտերային չվերթ էր կատարում Քինգ կղզի, որը գտնվում է Վիկտորիայի նահանգի հարավային ափի մոտ: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա ուղեւորներն ամերիկացի զբոսաշրջիկներ էին, որոնք կղզի էին թռչում գոլֆ խաղալու:

DFO առեւտրական կենտրոնն աղետի պահին դեռ փակ է եղել այցելուների համար: Կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:

Փրկարարների տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ տեղեկացրել է շարժիչների խափանման մասին: Ինչպես հայտնել է Վիկտորիայի կառավարության ղեկավար Դենիել Էնդրյուսը, ինքնաթիռի այսօրվա կործանումը «նահանգում քաղաքացիական ավիացիայի ամենախոշոր աղետն է վերջին 30 տարվա ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում