ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

«Չնայած այն բանին, որ մենք շատ կարճ ծառայեցինք միասին, ես բարձր էի գնահատում նրա հետ աշխատելու հնարավորությունը, եւ ինձ համար դժվար կլինի չունենալ իրադրության նրա ըմբռնումը, վարպետությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է նա:

«Ես պատշաճն եմ մատուցում ՄԱԿ-ում նրա ներդրած ավանդին եւ ամենախորին ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին»,- նշել է գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել Չուրկինի մահվան կապակցությամբ: Անվտանգության խորհրդի անդամները խորին ցավակցություն են հայտնել մշտական ներկայացուցչի ընտանիքին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին:

Չուրկինը փետրվարի 20-ին հանկարծամահ է եղել Նյու Յորքում, նա 64 տարեկան էր: Մահը վրա է հասել սրտի նոպայի հետեւանքով:

Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում էր 2006 թվականից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մոտ ժամանակներս նիստ կգումարի Վիտալի Չուրկինի հիշատակին: Այս մասին հայտարարել Է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում