Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Այս մասին «տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է քաղաքական և պատմական առումով կարևոր այս օրը նորից զգալ հայության միասնականությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով արցախահայությանը Վերածննդի օրվա կապակցությամբ, նկատել է, որ Սահմանադրական հանրաքվեի օրը Արցախում գտնվելը, ոչ միայն զուտ դիտորդական առաքելություն է, այլև՝ հաճելի և անհրաժեշտ պարտականություն:

«Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ձեռքերով սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Սա ևս մեկ հնարավորություն էր՝ ցույց տալու, որ Արցախը անշեղորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Մտքերի փոխանակության կարգով ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Շուշան Պետրոսյանը, Լյովա Խաչատրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Մկրտչյանը և Կարեն Շահմուրադյանը ամփոփել են օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում իրականացրած իրենց դիտարկումները և գոհունակություն հայտնել հանրաքվեի ողջ ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկել են նոր Սահմանադրության դրույթներին, մասնավորապես, դրանից բխող օրենսդրական հետագա կարգավորումներին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում