Սիրիայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական միջոցներով. ՌԴ ԱԳՆ

Միայն ռազմական միջոցներով հնարավոր չի լինի հասնել Սիրիայում շարունակվող հակամարտության դադարեցման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը փետրվարի 21-ին The Jerusalem Post իսրայելական թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, որն Իսրայելում է գտնվում ահաբեկչության սպառնալիքին հակազդելու շուրջ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող կոնսուլտացիաների շրջանակներում: 

«Սիրիայի հակամարտությունը չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով»,-ասել է Սիրոմոլոտովը: Նրա կարծիքով՝ «գլխավոր խնդիրներից մեկը Սիրիայում ընդդիմության անջատումն Է ահաբեկիչներից»: «Անցյալ տարի մենք ԱՄՆ-ի հետ փորձում էինք համաձայնության գալ այդ թեմայի շուրջ, բայց ամերիկացիներն այն ժամանակ չկարողացան տարբերություն դնել ընդդիմության եւ ահաբեկիչների միջեւ»,-հավելել է նա:

Սիրոմոլոտովը նաեւ նշել է, որ երբ Սիրիայում ավարտվի զինված հակամարտությունը, Իրանի զինուժերի ստորաբաժանումները եւ շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան շարժումը կհեռանան Արաբական Հանրապետությունից: «Ես հասկանում եմ, որ Իսրայելում մտահոգություններ կան այն բանի առնչությամբ, որ «Հըզբոլլահ»-ի եւ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի ստորաբաժանումները, որոնք գտնվում են Սիրիայում, այնտեղ կմնան նաեւ պատերազմից հետո»,- նշել է նա: «Նրանք կհեռանան»,-ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում