Արցախի սահմանադրական փոփոխությունները կարևոր են նաև Հարավային Կովկասի համար. եվրոպացի պատգամավորներ

Ստեփանակերտում գտնվող՝ Եվրախորհրդարանի «Արցախի եվրոպացի բարեկամներ» խումբը հայտարարություն է տարածել Արցախի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարիուսի կողմից ստորագրված հայտարարության տեքստում նշվում է, որ հանրաքվեին Արցախի բնակչության 76 տոկոսի մասնակցությունը խոսուն ապացույցն է նրա, որ արցախցիները ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ ժողովրդավարության կառուցման գործում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանականներն ընդգծել են, որ քվեարկությանը նախորդել է քարոզարշավ, որի ժամանակ երկու ճակատներն էլ ազատորեն արտահայտել են իրենց գաղափարներն ու համոզմունքները: «Արցախի ժողովուրդն ասել է «այո» նոր սահմանադրությանը, որը կարևոր փոփոխություններ է պարունակում երկրի ինստիտուցիոնալ կառավարման գործում: Այն նաև հստակորեն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը պաշտպանում է օրենքի գերակայությունը և ժողովրդի ազատություններն ու իրավունքները»,- նշել են նրանք: Հայտարարու թյան հեղինակներն ընդգծել են, որ սահմանադրական փոփոխությունները նաև կարևոր են Հարավային Կովկասի համար:

«Այն ժողովուրդը, բնակչությունը, ազգը, որը հավատում է իր պետությանը և կատարելագործում իր հանրապետական ինստիտուտները, չպետք է մերժվի միջազգային հանրության կողմից: Այս ժողովուրդը, այս քվեարկող քաղաքացիները գոյություն ունեն: Այս գոյությունը չի ազդվում իրենց երկրի միջազգային ճանաչման բացակայությունից: Արցախի ժողովուրդը, որն իր ագրեսիվ հարևանի ռազմական հարձակման մշտական վտանգի տակ է, շարունակում է ժողովրդավարական կենսունակությամբ և հասունությամբ դիմակայել իր պետության նկատմամբ միջազգային ժխտմանը»,- աս վում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում