Արմեն Մարտիրոսյանը հարգում է Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգություն» կուսակցությունը լքելու որոշումը

«Ժառանգություն» կուսակցությունը լքելու որոշումը Զարուհի Փոստանջյանինն է. եթե նա այդպես է նպատակահարմար համարել, ապա ես հարգում եմ այդ որոշումը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Արդեն իսկ թեւակոխում ենք ակտիվ քարոզչական փուլ, եւ հույս ունեմ, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նկատմամբ այդ հարձակումը մի փոքր կանգ կառնի, եւ իսկապես քարոզչության շրջանակում հետագայում կկարողանանք ներկայացնել մեր պատկերացումները, ծրագրերը: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունը լքելու որոշմանը, թեպետ պաշտոնական դիմում դեռեւս չի ներկայացվել, բայց հարգանքով եմ վերաբերվում այդ քայլին, քանի որ բավականին երկար, մեր կյանքի լավագույն տարիների մի ամբողջ տասնյակ միասին ենք անցկացրել միասնական պայքարի շրջանակում: Նրա դուրս գալը ծափողջույններով չէ, որ կարելի է դիմավորել: Քաղաքական կյանքը փոփոխական է, նրա որոշումը մեկնաբանելու կամ քննադատելու կարիքը չեմ տեսնում: Մեզ մնում է միայն բարին մաղթել նրան»,- ասաց կուսակցության փոխնախագահը:

Այնուամենայնիվ, Արմեն Մարիտիրոսյանը համաձայն չէ Զարուհի Փոստանջյանի առաջ քաշած տեսակետին, թե կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից եւ գաղափարախոսությունից:

«Դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէր: Այն անձինք, ովքեր հիմնադրել են «Ժառանգություն»-ը, կայացրել են այն որպես կուսակցություն: Ոչ ոք մի քանի տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ այս դաշինքը կլինի, բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ մի ժամանակ անհավանական դաշինքներ կնքվեն: Կարող եմ ասել, որ կուսակցությունում չկա մեկը, ով ներքին ժողովրդավարության խնդիր ունենա, բոլորն ազատորեն իրենց տեսակետն արտահայտում են, եւ դա կուսակցության գլխավոր սկզբունքն է»,-ընդգծեց նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2–ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5–ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում