«Ռացիոնալ» մտածողը

Սովորաբար որոշ մարդկանց մոտ նկատվում է մի տենդենց, երբ գլորվում են ցեխը, ապա դուրս գալու ջանքեր գործադրելու փոխարեն, գիտակցաբար գնում են ավելի խորը թաղվելու ճանապարհով:

Նման ուղի է ընտրել նաև Ադրբեջանը: Այն, որ այդ երկիրը թքած ունի համամարդկային արժեքների վրա, դա փաստ է: Այն, որ այդ երկրում մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարական ինստիտուտները գնալով դադարում են նույնիսկ թղթի վրա ամրագրվելուց, դա նույնպես փաստ է: Այն, որ այդ երկրում մարդն առհասարակ որևէ արժեք չունի, դա էլ է փաստ:

Սակայն այս ամենը կարծես չի հուզում ալիևյան կլանին, որին բացի իր իշխանությունը հավերժացնելուց և այն հորից որդի փոխանցելուց, այլ նպատակ չունի: Հաճախ նույնիսկ որոշ բռնապետական համակարգերում կատարվում են որոշ սիմվոլիկ քայլեր, որպեսզի աշխարհին ցույց տան, որ իրենք այնուամենայնիվ անհույս վիճակում չեն, որ այնուամենայնիվ կատարում են քայլեր, ժողովրդավարությանը թեկուզ աղոտ նմանվելու համար:

Բայց Ադրբեջանի «ռացիոնալ» մտածելակերպով օժտված նախագահը կատարում է ճիշտ հակառակը: Դա է վկայում իր տիկնոջը առաջին փոխնախագահ նշանակելու հրամանագիրը: Եթե ստեղծված պատկերն այդքան զավեշտալի չլիներ, ապա թեկուզ հանուն հումորի, կարող էինք ենթադրել, որ դա անսահման սիրող ամուսնու կողմից նվեր էր իր պաշտելի կնոջը, գալիք մարտի 8-ի կապակցությամբ:

Ի՞նչ խոսք առաջին հայացքից հնարավոր է թվա, որ այդ նշանակումը մեզ հետ որևէ կապ չունի: Ինքը, իր կինն ու իր երկիրը, ինչ ուզում է, թող անի: Առաջին հայացքից կարող է դա մեզ նույնիսկ շահեկան դիրքերի հանգեցնել, քանի որ աշխարհը հստակ տեսնում է մեզանում ընթացող քաղաքական համակարգի զարգացմանը հստակ միտված ու խիստ շոշափելի քայլերը և հարևան երկրում այդ նույն քաղաքական համակարգի հիմնովին բնաջնջումը:

Սակայն իրականում այդ «հարևան» երկրում բռնապետական համակարգի վերջնական հաստատումը խիստ վնասում է նաև մեզ, քանի որ որքան դիմացինդ զրկվում է «ռացիոնալ» մտածելակերպից, այնքանով բարդանում է նրա հետ լեզու գտնելու հնարավորությունը: Որքանով դիմացինդ աստիճանաբար իրեն պատկերացնում է հուսեյինների ու մուբարաքների շարքում, այդքանով էլ աղոտանում են բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու հույսերը:

Սակայն կյանքը ցույց է տվել, որ փոս փորողը, սովորաբար հենց ինքն էլ ընկնում է իր փոսի մեջ և կյանքը ապացուցել է նաև, որտեղ են վերջնաարդյունքում հայտնվում արևելյան բռնապետները, 21-րդ դարում»

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում