Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանցի հովիվների ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ՊԲ ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է:

ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում