Մաշալյանը Հայաստանում է. Աթեշյանը կժամանի փետրվարի 23-ին

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մայր Աթոռ կժամանի փետրվարի 23-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պարբերականի տվյալներով` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը փետրվարի 20-ին, իսկ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը` փետրվարի 21-ի առավոտյան ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

«Հինգշաբթի առավոտյան երեք սրբազանները պետք է հասած լինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Օրվա առաջին կեսին նրանք Մայր Տաճարում պետք է մասնակցեն Սրբոց Վարդանանց տոնի արարողություններին, ինչպես նաև ներկա լինեն Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անվանակոչության տոնը նշելուն: Ավելի ուշ` հինգշաբթի և ուրբաթ, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ երեք սրբազանները Պոլսո Աթոռի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին անկեղծ ու բաց խորհրդակցություն անցկացնելու հնարավորություն կունենան»,– գրում է օրաթերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում