Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս»-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է աջակցություն Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆինանսական և քաղաքացիական կրթության (ԺԿՄԻԿ) զարգացմանը: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Կարևորելով համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը փորձում է հնարավորինս ընդլայնել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը: «Մենք բարձր ենք գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները: Մեր իրականության մեջ կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ գործունեություն են ծավալում, աջակցելով մեր աշխատանքներին և մեզ հետ միասին ունենալով ընդհանուր նպատակներ»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործունեությունը գնահատելի է մասնավորապես քաղաքացիական կրթության, ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ դիտարկվող ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման ասպարեզում: Կազմակերպության տնօրեն Ա. Շագաֆյանն ընդգծել է, որ իրենց համար չափազանց կարևոր է ԿԳՆ-ի հետ համագործակցությունը, որը հնարավորություն կտա իրենց աշխատել ավելի համակարգված և նպատակային: «Կրթության ոլորտում հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարևոր է, սակայն այն չի կարող թիրախավորված և նպատակային լինել, եթե չի համաձայնեցվում է նախարարության հետ»,- իր խոսքում նշել է Ա. Շագաֆյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին համագործակցության առաջարկն ընդունելու համար:

Համագործակցության հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, համապատասխան տեղեկատվության փոխանակում, ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում փորձագիտական և մասնագիտական միասնական ներուժի օգտագործում, պետական մարմինների, տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ համակարգված ա շխատանքների իրականացում:

Առանձնակի կարևորվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներառական կրթության նպատակների իրականացումը, ինչպես նաև հանրակրթության որորտում քաղաքացու ֆինանսական գրագիտության չափորոշիչների և ծրագրերի ստեղծումը: Հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում