Իրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումը հետեւանքներ կունենա. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Իրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի է եւ հետեւանքներ կունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ՝ Իրանը պետք է հասկանա, որ իր ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի է եւ հետեւանքներ կունենա»,-ասել է նա:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը վստահ է, որ «գոյություն ունեն տարբեր միջոցներ՝ Իրանին ստիպելու, որ հետեւի բալիստիկ հրթիռների, ահաբեկչության եւ այլ բաների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին»:

Փետրվարի 19-ին, ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովում, ալ Ջուբեյրը Իրանին մեղադրել էր ահաբեկչությունը պաշտպանելու եւ Եմենում խռովարարներին անօրինականորեն զենք մատակարարելու մեջ: Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի համար Իրանի դեմ ֆիզիկական պայքարի հարց չկա, քանի որ նրան «կարելի է զսպել վիրտուալ միջոցների, բանկային հաշիվների, առեւտրի, ուղեւորությունների արգելափակման» եւ «ամեն տեսակ պատժամիջոցների» օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում