Թուրքիայի քրդամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահը ձերբակալվել է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը Անկարայի ոստիկանության կողմից ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն իր անդամների և, մասնավորապես համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի կալանավորման փաստի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել են:

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում