«Հայկական ժամանակ». Երթևության կանոնների խախտման տուգանքը ուշացնելիս 25- 50%-ի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 և 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչև այս տարվա հուլիսի 1-ը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Ըստ թերթի, այսպիսի դրույթ է ներառված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Մինչև 2014թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից: Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել նաև 25 և 50 տոկոս ավելացումներից:

«Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն: Դրանից էլ ակնհայտ է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչև խորհրդարանական ընտրությունները և կունենան հանրային դրական արձագանք: Թերևս, այստեղ է պետք փնտրել ոստիկանության՝ կամովին բարիանալու գաղտնիքը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում