Թրամփը ցավակցություն է հայտնել Չուրկինի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Hill-ը: 

«Թեեւ ամերիկացի պաշտոնյաները երբեմն չեն համաձայնում ռուս գործընկերների հետ, դեսպան Չուրկինը վճռորոշ դեր խաղաց համաշխարհային անվտանգության մի շարք հանգուցային հարցերի շուրջ Միացյալ Նահանգների հետ աշխատանքում»,- հայտարարել է նախագահը: Նա հավելել է, որ վշտացած է մշտական ներկայացուցչի մահվան լուրից, որին նա անվանել է փորձառու դիվանագետ, որը երկար տարիներ ծառայում էր իր երկրին:

Թրամփն ամերիկյան ողջ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին ու կառավարությանը:

ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը փետրվարի 20-ին մահացել է Նյու Յորքի իր աշխատատեղում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ԶԼՄ-ների տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի տագնապը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում