ԱՄՆ-ում խստացվել են անօրինական միգրանտների արտաքսման կանոնները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անօրինական միգրանտների արտաքսման նոր, ավելի խիստ կանոններ է սահմանել: Այս կերպ երկրի իշխանությունները հուսով են ավելացնել արտաքսված իրավախախտների թիվը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Առաջին հերթին նոր միջոցներն ուղղված են այն անօրինական միգրանտների դեմ, որոնք դատապարտվել են հանցագործությունների համար կամ սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը, ինչպես նաեւ նրանց դեմ, ովքեր վերջերս են հայտնվել ԱՄՆ-ի տարածքում:

Ըստ որում այն չփաստաթղթավորված ներգաղթյալների նկատմամբ, ովքեր խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները կամ գողություն արել խանութում, իշխանությունները կվերաբերվեն նույն կերպ, ինչպես եւ նրանց նկատմամբ, ովքեր ավելի լուրջ հանցագործություններ են կատարել:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարության հրապարակած փաստաթղթում նշված է, որ երկրի իշխանություններն իրենց առաջնահերթությունն են համարում անօրինականորեն երկրում գտնվող ավելի շատ մարդկանց արտաքսումը: Փաստաթղթում բերված է ներգաղթյալների այն կատեգորիաների լայն ցանկը, ովքեր ենթակա են արտաքսման:

Նոր կանոնները չեն փոխում ԱՄՆ-ում գոյություն ունեցող օրենքները, բայց խստացնում են դրանց կիրառման պրակտիկան:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը փետրվարի 21-ին պարզաբանել է, որ նոր կանոնները պետք է ավելի շատ լիազորություններ տան իրավապահ մարմիններին արդեն գոյություն ունեցող օրենքները կիրառելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում