Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը երբևէ չի եղել և չի լինի դաշնակից Ռուսաստանի դեմ. Վիգեն Սարգսյան

Հայաստանի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ երբևէ չի եղել և չի լինի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի շահերի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ մշտապես կառուցվել են մեր դաշնակից, գործընկեր երկրների համար բացահայտ բաց: Մենք երբևէ դրանից որևէ գաղտնիք չենք սարքել, և երբեք նման փոխգործակցությունը չէր կարող լինել Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շահերի դեմ»,– ընդգծել է Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից արտոնված մի շարք խաղաղապահ առաքելություններ: «Հայաստանի համար շատ կարևոր է և օգտակար նման բազմազգ խաղաղապահ օպերացիաներին մասնակցությունը, գիտելիքներն ու փորձը: Դա մեզ օգնում է ձևավորել մի կողմից մեր սեփական խաղաղապահ հնարավորությունները, ունենալ զորքեր, որն անցել է մարտական հերթապահություն տաբեր պայմաններում, և միաժամանակ, ձևավորել միջազգային խաղապահ առաքելության համակարգի ավելի լիարժեք նկարագիր ու ըմբռնում, այդ թվում՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա համակարտությունները»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ծրագիրն ուղղված է առաջին հերթին զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության համակարգի զարգացմանը, այն բաղադրիչի ամրապնդմանը, որը հիմնվում է խորհրդարանական կառավարման ժամանակ, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ շատ պետությունների դեպքում:

«Մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը, և վստահ եմ, որ դա մեր դաշնակիցների շահերին որևէ կերպ չի վնասի»,- եզրափակել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում