Հայաստանը գոհ է ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակից

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ռազմարդյունաբերական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին Սարգսյանը նշել է «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է: Այդպես ենք մենք դիտարկում ողջ համագործակցությունը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ, և զինվորական կադրերի պատրաստման, և ռազմատեխնիկական ոլորտում, և ռազմաքաղաքական երկխոսության մեջ: Մենք գտնում ենք, որ դա անքակտելի համալիր է: Մենք բաց ենք և պատրաստ նման երկխոսության հետագա ինտենսիվացման համար: Պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբների մակարդակով խորհրդակցությունները կրում ենք պարբերական բնույթ»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հայ և ռուս զինվորականները մշտապես փոխանակվում են բարձր մակարդակի այցերով: «Ես շատ ուրախ եմ, որ իմ նշանակման պահից հնարավորություն եմ ունեցել Երևանում ընդունել Ռուսաստանի պաշտպանության նախարարին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցության շրջանակում, պաշտոնական այցով լինել Ռուսաստանում: Մենք այստեղ ընդունել ենք ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պատվիրակությանը՝ Հայաստանի բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում: Գտնում եմ, որ որքան շատ լինեն այցերը, այնքան լավ, որովհետև իրականում մեր համագործակցությունն ուղղված է մեր տարածաշրջանում մարտահրավերների ու սպառնալիքների լիարժեք ուսումնասիրությանը, փոխադարձ հետաքրքրությունների ըմբռնմանը և արտաքին քաղաքականության ու ռազմաքաղաքական բլոկի քաղաքականության կառուցմանն այդ շահերին համապատասխան»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է: «Այն թեմաները, որոնք մենք այսօր քննարկում ենք մեր երկրների գիտական ինստիտուտների ներուժի զարգացման, արտադրական հզորությունների լիարժեք կիրառման պլանում և այդպես շարունակ, այդ ամենը բացում է հնարավոր փոխգործակցության ամբողջովին նոր շերտ: Մենք ցանկանում ենք դա նյութականացնել հնարավորինս կարճ ժամանակահատվածում և դրա համար կաշխատենք շատ ինտենսիվ»,- շեշտել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում