Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլում են. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում. կողմերը հասել են եզրափակիչ փուլին: Այս մասին Deutsche Welle գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք բանակցությունների մեկնարկը, և այս ընթացքում կայացել է բանակցությունների 8 փուլ: Դրանք բավականին հաջող են ընթանում, մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նալբանդյանը:

Նախարարը հավելել է, որ դրանից հետո բանակցությունների ևս մի քանի փուլ կլինի, վերջնական համաձայնեցման փուլ կլինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության անդամ են 28 երկիր: «Դրանից հետո կլինեն վերջին հստակեցումները և համաձայնագրի ստորագրումը: Չեմ կարծում, որ երկար է, սակայն ամեն դեպքում որոշակի շարունակականություն ունեցող գործընթաց է»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ համաձայնագիրն արտացոլում է հարաբերությունների բարձր մակարդակը և լայն շրջանակը, որ Հայաստանն ունի Եվրոպական Միության հետ, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության այն հեռանկարներն ու հնարավորությունները, որ երկու կողմերը տեսնում են բոլոր հնարավոր ուղղություններով: «Մենք հետաքրքրված ենք այս ամենով և նույն հետաքրքրվածությունը տեսնում ենք Եվրամիության մոտ»,- նշել է նախարարը:

Հարցին, թե ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Հայաստանը Ռուսաստանի հետ խորհրդակցո՞ւմ է, Նալբանդյանը պատասխանել է, որ Հայաստանը բաց բանակցություններ է վարում և՛ Եվրոպական Միության, և՛ այլ գործընկերների հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանը որևէ մեկի թիկունքում բանակցություններ չի վարում: «Մեր երկրի նախագահը, ես` որպես արտաքին գործերի նախարար, մեկ անգամ չէ, որ հարցազրույցներ ենք տվել և հայտարարել Եվրոպական Միության հետ համաձայնագրի մասին: Այնպես որ, չկա այնպիսի բան, որի մասին մենք բաց չենք խոսել»,– ասել է նախարար Նալբանդյանը:

Լրագրողի հարցին, թե պաշտոնական Մոսկվան դեմ չի՞ արտահայտվում Եվրամիության հետ համաձայնագրին, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Դուք գիտեք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների մասին: Մենք ոչ մի քայլ չենք արել, որը կարող է հակասել ռազմավարական գործընկերոջ հետ մեր երկկողմ հարաբերություններին: Դրա համար դժվար թե լինեին կամ լինեն առարկություններ»:

Դիտարկմանը, թե Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին չհաջողվեց ստորագրել, ինչը համընկավ Հայաստանի նախագահի` Ռուսաստան այցի հետ, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն այդ ժամանակ գրեթե ավարտին էր հասցրել բանակցությունները Եվրոպական Միության հետ ասոցացված համագործակցության շուրջ, սակայն իրենք միաժամանակ հայտարարել են, որ Հայաստանը ցանկանում է լինել Մաքսային միության կազմում: «Սակայն այն ժամանակ ոչ թե մեզ մերժում էին, այլ բացատրում էին, որ դժվար է դա իրականացնել, քանի որ Հայաստանն այդ միության անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունի: Արդյունքում ստեղծվեց փորձագետների աշխատանքային խումբ, որն ուսումնասիրեց այդ հարցը և եկավ եզրակացության, որ Հայաստանի մասնակցությունը ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը հնարավոր է»,- մանրամասնել է Էդվարդ Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում