Մերկելը մեծացրել է Շուլցի նկատմամբ իր առավելությունը. հարցում

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը վերջին շաբաթվա ընթացքում մեծացրել է առավելությունը գալիք ընտրություններում իր մրցակից Մարտին Շուլցի նկատմամբ. երկրի բնակիչների շրջանում իր ժողովրդականությամբ Մերկելը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին գերազանցում է 3 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են նոր հարցման արդյունքները, որն անցկացվել է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով: 

Եթե ներկայում անցկացվեին Գերմանիայի կանցլերի ուղղակի ընտրություններ, երկրի բնակիչների 39 տոկոսն իրենց ձայնը կտար Մերկելի օգտին, իսկ 36 տոկոսը՝ Շուլցի օգտին: Այսպիսով, Մերկելի վարկանիշը շաբաթվա ընթացքում աճել է 1 տոկոսով, իսկ Շուլցին ցուցաբերվող աջակցությունը նվազել է 1 տոկոսային կետով:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշն անփոփոխ է մնացել, ինչպես եւ մեկ շաբաթ առաջ, նրան աջակցում է հարցման մասնակիցների 31 տոկոսը: ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը՝ Մերկելի գլխավորությամբ, նույնպես գերազանցում է ԳՍԴԿ-ին 3 տոկոսով: Աջ պոպուլիստական «Ալյընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը կորցրել Է վարկանիշի եւս 1 տոկոսը, նրան աջակցում է հարցվածների 8 տոկոսը: «Ձախերը» եւ «Կանաչներն» ապահովել են պոտենցիալ ընտրողների համապատասխանաբար 8 տոկոսի եւ 7 տոկոսի աջակցությունը:

Հարցումը կատարվել է փետրվարի 13-ից մինչեւ 17-ը, դրան մասնակցել Է ավելի քան 2,5 հազար մարդ:

Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում