Համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքն այլընտրանք է լինելու ՀՀԿ-ին. Արարատ Զուրաբյան

«Համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքն այլընտրանք է լինելու ՀՀԿ-ին, այլ տարբերակ չեմ տեսնում,-այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արարատ Զուրաբյանը և հավելեց,- Գագիկ Ծառուկյանին հաջողվել է ձևավորել այլ բևեռ, ինչը չի հաջողվել որևէ այլ ուժի: Նրան հաջողվել է ստեղծել կուռ քաղաքական թիմ»:

Իր` դաշինքին միանալու պատճառը, պատգամավորը պայմանավորում է «Ծառուկյան» դաշինքի հետ ունեցած որոշակի ընդհանրությամբ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու համար են քաղաքական ուժերը համախմբվում Ծառուկյանի շուրջ` փողի՞, թե հայացքների, Զուրաբյանը պատասխանեց. «Եթե փողի համար համախմբվեին, ապա այլ փող ունեցողներ էլ կան, նրանց շուրջ կհամախմբվեին»:

Ըստ բանախոսի` Գագիկ Ծառուկյանը պաշտոնի համար չի պայքարում, այլ` փոփոխությունների, քանի որ «Հանրապետական կուսակցությանը» միակ այլընտրանքային ուժը հանդիսանում է «Ծառուկյան» դաշինքը: Այն միակ ընդդիմադիր ուժն է, որը կարող է մրցակցային պայմաններում հաղթել ՀՀԿ-ին:

Լրագրողներից մեկի հարցին, թե երբ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում էին՝ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի հռչակած բուրժուադեմոկրատական հեղափոխության հետ, այն ժամանակ ՀՀՇ-ից հնչում էին քննադատություններ, իսկ հիմա ինչպես ստացվեց, որ սկսեցիք աջակցել «Ծառուկյան» դաշինքին, Զուրաբյանը պարզաբանեց. «Եթե հիշում եք, մենք քննադատում էիք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Տեր-Պետրոսյանի՝ «բուրժուադեմոկրատական երեւույթ» կոչված հասկացությունը»: 

Իսկ թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին ընտրի հենց իրենց դաշինքը, պատգամավորը մի քանի հիմնավորում է բերում. նախ, որ իրենց ծրագիրը, որը շուտով կներկայացնեն հանրությանը, բավականին իրատեսական է:

Այդ համատեքստում նա բերեց առաջինը ՓՄՁ-ների աջակցման օրինակը: Ծրագրի համաձայն` նախատեսվում է երեք տարով ՓՄՁ-ներին ազատել հարկային բեռից, սակայն ոչ թե բյուջեի հաշվին, այլ` ֆինանսավորման այլ աղբյուրների: Երկրորդն, ըստ Զուրաբյանի, հանրության մի մեծ մասին անհանգստացնող վարկային բեռն է: Այդ հարցը դաշինքի 15 հիմնական կետերից մեկն է, և բանկերը պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը:

Հարցին` հնարավոր է գալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն բացարձակ հաղթանակ տանի, Զուրաբյանը պատասխանեց` ոչ: Նրա համոզմամբ, եթե ընտրական գործընթացի առնչությամբ արված փոփոխություններն իրոք ապահովեն քիչ թե շատ թափանցիկություն, ապա ՀՀԿ-ն ոչ թե կհաղթի, այլ կզիջի առնվազն մեկ-երկու քաղաքական ուժերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում