Հայաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները բացել են երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

«Մենք այդ ընթացքում ամենասերտ կերպով դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մեր հարաբերությունները զարգացրել ենք երկկողմ ձեւաչափով, ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միությունում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում»,-ասել է Լավրովը ցուցահանդեսի բացման արարողությանը:

Նախարարը նշել է, որ ցուցահանդեսն առաջինը կդառնա երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում:

«Մենք համաձայնեցրել են լրացուցիչ քայլեր, որոնք կոչված են արժանավայել նշելու այդ տարեթիվը»,-ասել է Լավրովը, հավելելով, որ Նալբանդյանն իրեն հրավիրել Է այցելել Հայաստան:

«Մենք այդ հրավերն ընդունում ենք, համաձայնեցնում ենք նրա օրակարգը եւ այդ այցի ծրագիրը»,-ասել է Լավրովը:

Ցուցահանդեսի բացումից առաջ Լավրովը եւ Նալբանդյանը ծաղիկներ են դրել փետրվարի 20-ին Նյու Յորքում մահացած ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի դիմանկարի առջեւ, որը տեղադրված է ԱԳ նախարարության առանձնատանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում